Եղեգիս գետի վարարման հետեւանքով մայիսի 31-ին վնասվել է Վայոց ձորի Գետափ գյուղը սնուցող խմելու ջրի մոտ 3 մ. հատված ջրագիծը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եղեգիս գետի վարարման հետեւանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող մոտ 3 հա մշակովի հողատարածքներ: Նույն օրը ժամը 19.15-ին ստացված տեղեկատվության համաձայն` Եղեգիս գետի վարարման հետեւանքով ողողվել են նաեւ Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ եւ ջրածածկման վտանգ է սպառնում հետիոտնային երկու կամրջի:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 00.10-ին հաղորդագրություն ստացվեց, որ ողողված հողատարածքների չափը ճշտվում է, իսկ հետիոտնային երկու կամրջին ջրածածկման վտանգ չի սպառնում:
Նույն օրը ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետեւանքով ողողվել են Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը եւ 1000 քմ. պտղատու այգին:
Դեպքի վայրում է գտնվել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ավտոճանապարհի ողողման հետեւանքով այն դարձել է միակողմանի երթեւեկելի, ողողման շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի:




























