Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այսօր` մայիսի 1-ին իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը, որն այս տարի անցկացվում է 4-րդ անգամ:
Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում:
Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը կազդարարի հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում կայանալիք նկարչական մեծ միջոցառումը: Տոնական եռուզեռը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ին եւ կշարունակվի մինչեւ ժամը 16:00-ը:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը FPWC-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանելու են իրենց ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես կդառնա նկարչական բաց արվեստանոց. բնության եւ նրան սպառնացող վտանգների մասին երեխաները կպատմեն գույների ու պատկերների միջոցով:
Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով թղթերից բացի կգունազարդեն նաեւ կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղաններ: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի անքակտելի մասը:
Հունիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուներին նկարչական տոնից բացի այլ անակնկալներ են սպասվում` կենդանի երաժշտություն, բազմաբնույթ խաղեր, թատերական բեմադրություններ:
Նշենք, որ մրցույթի մեկնարկից անմիջապես հետո կգործի մրցույթի պաշտոնական կայքը` www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների օն-լայն տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան բոլոր երեխաները: Այս տարվա մրցույթի թեմաներն են` «Իմ երազած կենդանաբանական այգին», «Իմ հայրենի բնությունը», «Ես ծառ եմ»:
Մրցույթը կշարունակվի մինչեւ 2011 թ-ի սեպտեմբերի 1-ը: Այս անգամ էլ հաղթողներին կորոշեն ոչ միայն անկախ ժյուրին, այլեւ մրցույթի կայքէջի այցելուները: Քվեարկությունից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Երեւանի կենդանաբանական այգուն: Համահայակական նկարչական 4-րդ մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ից 18-ը կայանալիք «Արեւորդի» 3-րդ բնապահպանական միջազգային փառատոնի շրջանակում:




























