Անհրաժեշտ է խորապես գիտակցել այն վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, որ դրանից արժանապատվորեն դուրս գանք: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է ստեղծվել: «Մարդկանց արժանապատվությունը կոպտորեն ոտնահարվել է, եւ ամեն օր նորանոր սոցիալական խնդիրներ են առաջանում եւ ի հայտ գալիս: Միայն ընթացիկ տարի սպասվում է 8 տոկոսով տնտեսական անկում, ինչը նշանակում է ՀՀ քաղաքացիների կյանքի միջինվիճակագրական մակարդակի նվազում: Այս ֆոնին նկատելի է պետական ​​պարտքի կտրուկ աճ, հսկայական անորոշություն իրենց իմիջը փոխած տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար, ինչը ֆինանսական կայունության ռիսկեր է գեներացնում: Միակ բանը, որ այսօր նկատվում է երկրում, մակրոտնտեսական կայունությունն է, որը կարող է փլուզվել, եթե խախտվի ֆինանսական կայունությունը, իսկ դա, իր հերթին, կհանգեցնի տնտեսական աղետի: Նման անորոշության պայմաններում չպետք է ներդրումներ ակնկալել: Մինչդեռ առանց ներդրումների եւ օտարերկրյա կապիտալի ներգրավման անհնար է արդիականացնել տնտեսությունը, ապահովել արտադրական ներուժի աճ եւ մարդկային կապիտալի զարգացում: Ավելին՝ ներկայումս կա կապիտալի արտահոսք»,- պարզաբանեց պատգամավորը:

Ինչպես նշեց Խաչատրյանը, ցավոք, պատերազմն իր հետքը թողեց ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ երկիրը կորցրեց հազարավոր ոսկե տղաների: Նրա կարծիքով՝ անորոշությունը կարող է բացասական դեր ունենալ սահմանների բացման հարցում, ինչը կհանգեցնի բնակչության արտագաղթի:

«Եթե ​​ազգի ռեսուրսները անհապաղ չմոբիլիզացվեն, իրավիճակը կարող է ամբողջովին դուրս գալ վերահսկողությունից»,- շեշտեց խորհրդարանականը՝ նշելով քաղաքական անկայունության առկայությունը, հասարակության դժգոհության աճը, հասարակության բաժանումը «սեւերի» ու «սպիտակների»: