Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համակարգի քաղաքացիական եւ փրկարարական կառույցների ղեկավարները զեկուցեցին վերջին մեկ շաբաթվա ընթացիկ աշխատանքների եւ արձանագրված խնդիրների մասին:

Մասնավորապես, ներկայացվեց տեղեկատվություն ձմռան ընթացքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ազդարարման համակարգերը եւ պատսպարանները տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ պատշաճ վիճակի բերելու գործընթացի վերաբերյալ: Նախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց մարզային փրկարարական վարչությունների կադրային եւ գույքային պահանջարկին: Նշվեց, նաեւ, որ չնայած դրան, շարունակվելու են իր այցերը մարզային կառույցներ եւ տեղերում արձանագրվելու են բոլոր խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարեց նոր ծառայության՝ «վստահության հեռախոս», ներդնելու կարեւորության մասին, որը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկներն եւ դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: Ըստ Ա. Փիլոյանի` այն ավելի հասցեական եւ արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

Կվերականգնվի նաեւ քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, եւ քաղաքացիներն իրենց հարցերն ուղղում էին էլեկտրոնային փոստի կամ նամակների միջոցով: