Հետախուզական հանրությունը կվերականգնվի նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք` վերջին չորս տարվա ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կրկնվող հարձակումներին բախվելուց հետո: Այս մասին CBSN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ նախկին տնօրեն Մայքլ Հայդենը:

«Հետախուզությունը դա ճշմարտությունն է: Մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը,- ասել է նա:- Եթե Թրամփը հաղթեր, հետախուզությունը մեռած կլիներ: Այժմ մեզ մոտ ամեն ինչ կարգին կլինի: Դա որոշակի ժամանակ կպահանջվի, սակայն մեզ հետ ամեն ինչ լավ կլինի»:

Թոշակառու գեներալ Հայդենը որպես ԿՀՎ տնօրեն էր ծառայում Բուշի եւ Օբամայի վարչակազմերի օրոք: Մինչ այդ նա 1999-ից 2005 թվականներին զբաղեցնում էր Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պաշտոնը: Նա ազգային անվտանգության այն տասնյակ նախկին պաշտոնյաներից մեկն էր, ովքեր սատարում էին Բայդենին 2020-ի նախագահական ընտրություններում` Թրամփին «վտանգավոր ոչ պիտանի» անվանելով հաջորդ ժամկետի համար:

Իր նախագահության ամբողջ ընթացքում Թրամփը բարդ հարաբերություններ է ունեցել հետախուզական համայնքի հետ, նա պետական ​​պաշտոնյաներին մեղադրում էր իր ծրագրերի ձախողման նպատակով գաղտնի աշխատանքի մեջ եւ կասկածի տակ էր դնում նրանց վերլուծությունները, հատկապես երբ խոսքը Ռուսաստանի մասին էր:

«Նախագահ Բայդենի հետ հնարավորություն կա ճիշտ բաներ անել հետախուզության համար: Դա դժվար կլինի: Եվ ես կարծում եմ, որ, անկեղծ ասած, դա մի քանի տարի կտեւի: Բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է Հայդենը: