Պարսից ծոցի արաբական երկրների միջեւ տարաձայնությունների կարգավորման որոշակի առաջընթաց կա, քանի որ կողմերն աշխատում են հարեւան Կատարի հետ տարաձայնություններին վերջ տալու որոշման վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ԱՄԷ դեսպան Յուսեֆ Ալ Օթայբը, փոխանցում է Reuters-ը:
2017 թվականի կեսից Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը Կատարի դեմ սահմանել էին դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային էմբարգո, չնայած Քուվեյթի եւ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին:
«Կարծում եմ, որ որոշակիորեն առաջընթաց կա կամ, համենայնդեպս, կան առաջընթացի սերմերը»,- ասել է Օթայբը: «Իրավիճակը մեղմելու շատ պարտավորություններ կան: Եթե այդպես է, կարծում եմ, որ դա խոստումնալից է: Իմ կարծիքով՝ հնարավորություն կա, որ կարելի է սկսել հակամարտությունների կարգավորման գործընթացը»,- ասել է նա՝ հավելելով, թե ժամանակը ցույց կտա՝ արդյոք սա կբերի՞ «լուծման որեւիցե հայեցակարգի»:
Կատարը եւս զգուշավոր է եղել իր հրապարակային ելույթներում, երկրի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կգնա:
Բոյկոտող երկրները Դոհային մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Կատարը, որի տարածքում է տեղակայված տարածաշրջանում ամենախոշոր ԱՄՆ ռազմաբազան, հերքում է մեղադրանքները եւ հայտարարում, որ էմբարգոն ուղղված է իր ինքնիշխանության տապալմանը:





























