Մենք գործ ունենք հոգեպես անառողջ մի մարդու հետ, ով իր կյանքի երազանքին հասնելով՝ ներկայում կատարում է գործողություններ եւ 2,5 տարի արել է գործողություններ, որոնք այսօր հանգեցրել են հայկական պետականության անկմանը։ Այս մասին այսօր ԱԺ շենքի դիմաց վարչապետի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Այսօր Փաշինյանի հեռացման համազգային կոնսենսուս կա, սփյուռքի բոլոր օջախները, հայկական ծագման բոլոր գործարարները եւ վերջապես հոգեւոր առաջնորդները, ես չգիտեմ՝ Հայաստանի պատմության մեջ նման դեպք երբ է եղել, երբ հոգեւոր առաջնորդները միասին պահանջեն քաղաքական իշխանության հեռացումը։ Չկա որեւէ քաղաքական ուժ, բացի իրենց էդ խմբակից, որ էսօր կպաշտպանի այսօրվա իշխանություններին։ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի Հայաստանում»,- ասաց Արթուր Ղազինյանը, ապա Նիկոլ Փաշինյանին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրեց։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահի օրերս սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությանը, Արթուր Ղազինյանն ասաց, որ դա իրենց համար նորություն չէր։
«Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի քաղաքական կյանքին եւ գիտեն՝ ինչ է կատարվել վերջին 20-25 տարվա ընթացքում, դա իրենց համար նորություն չէր։ Դա նորություն էր այն մարդկանց համար, որոնք ապրել են հորինված իրականության մեջ եւ իրենք փորձել են հավատալ ինչ-որ բանի, եւ այդ հավատը իրենց մոտ ձեւավորել է համոզմունք, իսկ այդ համոզմունքը կեղծ իրականություն է, որում նրանք ապրել եւ շարունակում են ապրել։ Իրենք շոկի ենթարկվեցին, լսելով, որ Հայաստանի երրորդ նախագահը Ալիեւին ավելի մեծ գումար է առաջարկել, որպեսզի նա հրաժարվի այդ 7 տարածքներից։ Ասել, որ նախկինում եղել է որեւէ քայլ դեպի նրան որպեսզի հանձնվի Արցախի տարածքային ամբողջականությանը վերաբերվող որեւէ հողի կտոր, դա առնվազն խելացնորություն է»,- ընդգծեց Ղազինյանը։
Նշենք, որ մինչ դրսում բազմահազարանոց հանրահավաքում պահանջում են վարչապետի հրաժարականը, վարչապետն Ազգային ժողովի ներսում է, մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին։





























