Հայաստանի իշխանությունները գործատուներին խթաններ կառաջարկեն` Ղարաբաղի բնակիչներին աշխատանքի ընդունելու համար: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի գրանցում ունեցող բոլոր քաղաքացիներին վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով նպաստ՝ յուրաքանչյուր անձի համար 68 000 դրամ: Միեւնույն ժամանակ, 45 000 մարդ արդեն ստացել է այդ օգնությունը, իսկ եւս 30 000-ի համար այն հաստատվել է: «Ընդհանուր առմամբ, 94 000 մարդ պետք է աջակցություն ստանա»,- ասաց նախարարը: Բացի այդ, ըստ Առաքելյանի, ԼՂՀ վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի բնակիչները 300 000 դրամի չափով միանվագ աջակցություն կստանան:

Սրան կգումարվի 250 000 դրամի աջակցություն, սակայն այն քաղաքացիների համար, որոնց տներն ու բնակարանները լրջորեն վնասվել կամ ավերվել են պատերազմի հետեւանքով: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի առաջիկա նիստերից մեկում: