Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ամերիկացի պաշտոնյաների եւ ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՉԺՀ եւ Հոնկոնգի ներքին գործերին ԱՄՆ-ի լուրջ միջամտության, ազգային շահերին վնաս հասցնելու հետ կապված Չինաստանը որոշում է կայացրել պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, Կոնգրեսի անդամների, ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցների եւ նրանց մտերիմ ազգականների դեմ»,-ասել է դիվանագետը:   

Բացի այդ, ինչպես նշել է Հուա Չունինը, ՉԺՀ իշխանությունները որոշում են կայացրել «չեղարկել առանց վիզային ռեժիմը Հոնկոնգ եւ Մակաո դիվանագիտական անձնագրեր ունեցող ԱՄՆ քաղաքացիների ժամանակավոր այցերի համար»:

Երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է , որ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի 14 անդամներ հայտնվել են սեւ ցուցակում Հոնկոնգում կարգուկանոնը վերականգնելու նպատակով Չինաստանի կենտրոնական կառավարության կողմից ընդունված միջոցների պատճառով: Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր անձինք զբաղեցնում են ՉԺՀ օրենսդրական բարձրագույն մարմնի մշտական կոմիտեի ղեկավարի տեղակալների պաշտոնները: