Եվրամիությունը որոշիչ պահ է ապրում Թուրքիայի հետ հարաբերություններում, գրում է Financial Times-ը:
ԵՄ առաջնորդները մտադիր են որոշում կայացնել՝ պատժամիջոցներ կիրառել արդյոք Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովի արեւելյան մասում ածխաջրածինների շուրջ վեճում անդամ-պետություններ Հունաստանի եւ Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար:
Անցած հինգ տարիների ընթացքում Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ գտնվում էին խզման եզրին, եւ այժմ դրանք փլուզման սպառնալիքի տակ են` առանց «ինչ-որ բանի նշանների, որոնք կարող են փոխարինել դրանց», գրում է թերթը:
ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հայտը ժամանակին եղել է «ժողովրդավարական նորացման եւ բարեփոխումների վերափոխիչ շարժիչը», բայց այդ ժամանակից ի վեր ձախողվել է, եւ դրանում ԵՄ ղեկավարները հաճախ մեղքը դնում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոկրատական հակումների վրա:
Էրդողանը ավելի ու ավելի էր ձգտում ամրապնդել իր իշխանությունը՝ խարխլելով երկրի ժողովրդավարական ինստիտուտները, եւ 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո լուրջ հետապնդումներ էր սկսել քաղաքական հակառակորդների նկատմամբ:
Բայց ԵՄ-ն պետք է նաեւ ընդունի իր անհաջողությունները «Թուրքիայի վրա իր երբեմնի ահռելի լծակներից» հրաժարվելու մեջ: «Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ երկրներ շարունակում էին արգելքներ դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ նրան չափազանց մեծ, չափազանց աղքատ եւ, չնայած այդ մասին հազվադեպ է խոսվում, չափազանց մահմեդական էին համարում»:
ԵՄ-ն բազմիցս խոստումներ է տվել, որոնք չի կարողացել իրականացնել, այդ թվում` մաքսային միության թարմացում եւ վիզային ռեժիմի ազատականացում՝ Թուրքիայի կողմից սիրիացի փախստականների հոսքի դադարեցման դիմաց: Սրանով ԵՄ-ն «օգնել է Թուրքիային ազատվել իր արեւմտյան կայաններից»:





























