Ռուսաստանի իշխանությունները բիզնեսին խորհուրդ են տվել պահպանել արեւածաղկի ձեթի եւ շաքարավազի մանրածախ գների որոշակի մակարդակ. 110 ռուբլիից ոչ ավել (մեկ լիտրը) եւ 45 ռուբլի (մեկ կիլոգրամը), համապատասխանաբար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուսիտնը հայտարարել է , որ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը, Տնտեսական զարգացման նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը, Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը եւ փոխվարչապետերը չեն վերահսկել ապրանքների գնաճն ու «բաց են թողել իրավիճակը»: Նրա խոսքով՝ դեռ աշնանը մի շարք ապրանքների թանկացման միտումը նկատելի է եղել եւ հարկ է եղել դրա վրա ուշադրություն դարձնել, սակայն դրա համար պատասխանատու գերատեսչություններն ու նախարարությունները ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել: Վարչապետը հիշեցրել է, որ քաղաքացիների եկամուտների նվազեցման պայմաններում դա անթույլատրելի է:
Ավելի ուշ նա անձամբ խորհրդակցություն է անցկացրել գների հետ կապված իրավիճակի շուրջ, որի ժամանակ խնդրել է պատրաստել բոլոր անհրաժեշտ նորմատիվ-իրավական ակտերը եւ անձամբ տեղեկացնել արված աշխատանքի մասին:
«Ռոսստատ»-ի հաշվարկների համաձայն՝ հունվարից նոյեմբեր ամիսներին շաքարավազի գինն աճել է 71,54%-ով, արեւածաղկի ձեթի գինը՝ 23,78%-ով, մակարոնեղենի գինը՝ 10,45%-ով, հացի գինը՝ 6,34%-ով:





























