Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Մարատ Սիզդիկովը Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովի` հանրապետության տարածքի մասին լրատվամիջոցներում արված հայտարարությունների կապակցությամբ: Ռուս դիվանագետին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշմամբ նոտա են հանձնել, շաբաթ օրը հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովը հրավիրվեց Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Հանդիպման ընթացքում Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Մարատ Սիզդիկովը տարակուսանք հայտնեց Առաջին ալիքի եթերում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովի հայտարարությունների վերաբերյալ, թե «Ղազախստանի տարածքը մեծ նվեր է Ռուսաստանի (եւ Խորհրդային Միության) կողմից»:

ԱԳՆ-ը նշել է, որ Ղազախստանի դեմ որոշ քաղաքական գործիչների հաճախակիացած սադրիչ հարձակումները լուրջ վնաս են հասցնում պետությունների միջեւ դաշնակցային հարաբերություններին: «Ղազախստանի ԱԳՆ-ը նման հայտարարություններին ռուսական կողմից համարժեք գնահատական է ակնկալում է եւ կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության պետական այրերի կողմից հետագայում նման հայտարարությունները կանխելու համար: Ռուս դիվանագետին Ղազախստանի ԱԳՆ-ի դիրքորոշմամբ նոտա է հանձնվել»,- պարզաբանել են նախարարությունից: