Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը կստեղծվի Ադրբեջանի Աղդամի շրջանում: Այս մասին շաբաթ օրը ասել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդունելությանը մասնակցել են նաեւ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Մենք արդեն գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոն ստեղծելու փուլում... Թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ, որ սա տարածաշրջանային համագործակցության շատ լավ դրսեւորում է: Միեւնույն ժամանակ, սա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ ընդունելի համագործակցության խորհրդանիշ է: Սա արդեն իրողություն է»,- ասել է Ալիեւը:





























