ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դեր չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ շաբաթ օրը ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շեֆերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, Մինսկի խումբը ոչ մի դեր չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Չնայած այն հանգամանքին, որ Մինսկի խումբը դրա համար մանդատ ուներ 28 տարի: Ես 17 տարի մասնակցել եմ բանակցությունների: Սակայն, թեեւ Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով եւ փորձել է ստեղծագործաբար գործել, դա ոչ մի արդյունք չի տվել»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկայումս տարածաշրջանում բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել»,- ընդգծել է Ալիեւը: Նրա խոսքով՝ ինքը համաձայն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ: