1990-ական թվականներին եւ այսօր նախապատերազմյան եւ հետպատերազմյան իրավիճակներն անհամեմատելի են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ 90-ական թվականներին պատերազմի ֆոնին տեղի է ունեցել ինստիտուցիոնալ տրանսֆորմացիա՝ կապված ԽՍՀՄ փլուզման հետ, բացի այդ, երկիրը վերապրել է երկրաշարժի հետեւանքները, որը հանգեցրել է ռեսուրսային ահռելի կորուստների:
«Ինչ վերաբերում է զուտ ռազմական բաղադրիչին, ապա կարեւոր է այն փաստը, որ 90-ականներին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կար պարիտետ ռեսուրսների եւ ռազմական ծախսերի տեսանկյունից: Ապա տեղի ունեցան լուրջ տրանսֆորմացիաներ, շուկաների կորուստ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում: Ադրբեջանը տասնամյակների ընթացքում կուտակել է լուրջ ռազմական ներուժ, որը Հայաստանի իշխանությունները՝ սկսած 1995 թվականից, թերագնահատել են: Այդ մասին վկայում է այն, որ Հայաստանի ռազմական ծախսերն այդ ժամանակ կազմել են ընդհանուր առմամբ 8 մլրդ դոլար՝ Ադրբեջանի ծախսած 28 մլրդ դոլարի դիմաց: 90-ականներին Հայաստանը, ըստ էության, չուներ որեւէ արժութային եւ ոսկու պահուստներ: ԿԲ պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար դոլար: Երկիրը բախվել էր սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ այլնի ապահովման խնդիրների հետ»,-նշեց Մարգարյանը:
Այժմ այդպիսի խնդիրներ, նրա խոսքով, չկան, ԿԲ պահուստը կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, եւ դա բավարար է դրամի փոխարժեքը կայունացնելու, գնաճը զսպելու, առավելագույն թվով աշխատատեղեր պահպանելու համար:
«Ներկայում Հայաստանում կյանքի որակի լուրջ անկում ես չեմ տեսնում, ինչը, բնականաբար, հնարավոր չէ ասել 90-ականների հետպատերազմական վիճակի մասին: Սակայն անհրաժեշտ է անել ակտիվ քայլեր իրավիճակը կայունացնելու համար, հակառակ դեպքում, եթե շարունակվի պահպանվել դրամի փոխարժեքի վրա ճնշումը, ապա բարձր գնաճից հնարավոր չի լինի խուսափել: Ամեն դեպքում երկրորդ պատերազմը նույնպես լուրջ հետեւանքներ է թողել, օրինակ, Արցախից փախստականների մի քանի տասնյակ հազարանոց հոսքը եւ ռազմական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը:
Ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ հետպատերազմական ճգնաժամի հետեւանքով տուժում է, առաջին հերթին, սպասարկման ոլորտը: Լուրջ խնդիրների հետ է բախվում նաեւ գյուղատնտեսական ոլորտը՝ հաշվի առնելով Արցախում տարածքների կորուստը: Բացի այդ, գյուղատնտեսական ակտիվությունն այժմ արդեն երկրի սահմանամերձ շրջաններում կարող է նվազել: Կտուժի նաեւ լեռնարդյունաբերությունը»,-ընդգծեց տնտեսագետը:




























