ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է լրացուցիչ մուտքի սահմանափակումներ մտցնելու մասին չինացի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Չինաստանի ավտորիտար իշխանությունները ամենակոպիտ կերպով խախտում են կարծիքի արտահայտման, կրոնի եւ համոզմունքների ազատությունը, ասոցիացիաների ազատությունը եւ խաղաղ հավաքների իրավունքը,- արձանագրել է Պոմպոեն: - Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է, որ մեր երկրում ուրախ չեն տեսնել նրանց, ովքեր իրականացնում են մարդու իրավունքների համանման խախտումներ»:

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է սահմանափակել վիզայի տրամադրումը այն չինացի պաշտոնատար անձանց, որոնք մասնակից են համարվում քաղքականությանը կամ գործողություններին՝ ուղղված հավատացյալների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, այլախոհների, իրավապաշտպանների, լրագրողների, պրոֆմիությունների անդամների, քաղաքացիական հասարակության առաջնորդների եւ խաղաղ ցուցարարների հետապնդմանը: Սահմանափակումները տարածվում են նաեւ այս պաշտոնյաների ազգականների վրա:

«Այս քայլը ցուցադրում է, որ ԱՄՆ կառավարությունը վճռական կերպով մտադիր է պատասխանատվության ենթարկել Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը չինացի ժողովրդի դեմ սաստկացող բռնաճնշումների պատճառով,- հայտարարել է Պոմպեոն: - ԱՄՆ-ն այս տարի մուտքի սահմանափակումներ եւ ֆինանսական պատժամիջոցներ էր մտցրել ՉԿԿ պաշտոնատար անձանց դեմ, որոնք մասնակցել էին Սինցզյանում սարսափելի չարաշահումներին, Տիբեթ մուտքի սահմանափակմանը եւ Հոնկոնգին խոստացված  ինքնավարության տապալմանը»: