Հաքերները, որոնք կառավարական հաստատությունների վրա զանգվածային կիբեռհարձակման ժամանակ կոտրել էին ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող համակարգերը, հավանաբար, գողացել են վերծանման կարեւոր բանալիներ: Այս մասին հայտարարել է սենատոր Ռոն Ուայդենը, որը Սենատի հետախուզության եւ ֆինանսների կոմիտեի անդամ է, փոխանցում է AFP-ն:
Նրա խոսքով՝ կոտրվել են էլեկտրոնային փոստի տասնյակ հաշիվներ: «Դրանից բացի, հաքերները համակարգեր են կոտրել գանձապետարանի դեպարտամենտների բաժնում,- ասել է Ուայդենը: - Մինչեւ հիմա գանձապետարանին հայտնի չեն հաքերների նախաձեռնած բոլոր գործողությունները, կամ՝ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են գողացվել»:
Անցյալ շաբաթ ԱՄՆ կառավարությունը խոստովանել էր, որ մի քանի դեպարտամենտների համակարգչային համակարգերը հարձակման են ենթարկվել չարագործների կողմից, որոնք կոտրել են ամերիկյան SolarWinds ընկերության լայնորեն օգտագործվող անվտանգության ծրագրային ապահովումը:
ԱՄՆ հետախուզության կողմից իրազեկված Կոնգրեսի անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ գլխավոր դատախազ Բիլ Բարը հայտարարել էին, որ հարձակման հետեւում կանգնած են ռուսները:
ԱՄՆ պաշտոնատար անձինք առայժմ հայտարարել են, որ հաքերները կոտրել են Պետքարտուղարության, առեւտրի նախարարության, գանձապետարանի, ներքին անվտանգության նախարարության եւ առողջապահության ազգային ինստիտուտների համակարգիչները:
Փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ այս կիբեռհարձակումը տարածվել է շատ ավելի մեծ թվով գերատեսչությունների վրա, այդ թվում՝ ԱՄՆ հետախուզության մարմինների՝ հաշվի առնելով SolarWinds-ի անվտանգության ծրագրային ապահովման համատարած տարածումը:





























