Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են հայտնվել ճեղքման սահմանագծին, Թուրքիայի նախագահի խորհրդականը հաստատել է, որ մարտին, հնարավոր է, դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն: Երբեմնի մերձավոր դաշնակիցների հարաբերությունները փաստացի փլուզվել էին, երբ 2017 թվականին Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց լարվածության էսկալացիայի ֆոնին, հայտնում է Voice of America-ն:
«Եթե Իսրայելը մեկ քայլ անի, Թուրքիան կարող է երկու քայլ անել»,- ասել է Թուրքիայի նախագահի արտաքին գործերի խորհրդական Մեսութ Քասինը՝ նկատի ունենալով Իսրայելի հետ շարունակվող բանակցությունները: «Եթե մենք կանաչ լույս տեսնենք, Թուրքիան կրկին կբացի իր դեսպանատունը եւ դեսպանին կվերադարձնի: Գուցե մարտին մենք կրկին կարողանանք դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ վերականգնել: Իսկ ինչու ոչ: Խաղաղության եւ անվտանգության հաստատումն անչափ կարեւոր է Իսրայելի եւ Թուրքիայի համար: «Մավի Մարմարայից» հետո մենք չենք ցանկանում Իսրայելի հետ եւս մեկ միջադեպ»,- հավելել է Քասինը:
«Մավի Մարմարան» Գազա ուղեւորվող նավախմբի 6 նավերից ամենամեծն էր, որը դեռեւս 2010 թվականից պաղեստինցիներին հումանիտար օգնություն էր տեղափոխում: Իսրայելական ուժերը նավը գրոհով գրավել էին՝ սպանելով Թուրքիայի 9 քաղաքացու: Այդ ժամանակից ի վեր թուրք-իսրայելական հարաբերությունները այդպես էլ լիովին չեն վերականգնվել, չնայած ԱՄՆ միջնորդական ինտենսիվ ջանքերին իր տարածաշրջանային երկու առանցքային դաշնակիցների միջեւ կապերի վերականգնման ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ իսրայելական անվտանգության ուժերի կողմից պաղեստինցիների բողոքների ճնշումը հանգեցրին այն բանին, որ Թուրքիան եւ Իսրայելը իրենց դեսպաններին հետ կանչեցին:
Քասինն ընդունել է, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելը դրդել է հարաբերությունների վերականգնման ջանքերին: «Բայդենը նոր հեռանկարներ ունի, շատ բան կփոխվի»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփի հետ սերտ հարաբերություններ ուներ, բայց, ըստ կանխատեսումների, Բայդենի նախագահությունը Անկարայի համար ավելի բարդ խնդիր կլինի:
«Սպասվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են մտնելու, համենայնդեպս՝ կարճաժամկետ հեռանկարում, հաշվի առնելով Բայդենի վարչակազմի զգայունությունը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում»,- ասել է թուրք-իսրայելական հարցերով վերլուծաբան Սելին Նասին:
«Հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական տրամադրությունները՝ Թուրքիան կարող է հուսալ, որ Իսրայելը կկարողանա չեզոքացնել ընդդիմախոսությունը եւ Թուրքիային օգնել կրկին նվաճել Վաշինգտոնի բարյացակամությունը»,- հավելել է նա:
Թուրքիան եւ Իսրայելը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության ժամանակ ընդհանուր լեզու են գտել: Իսրայելական ու թուրքական անօդաչուները եւ երկու երկրների հետախուզական աջակցությունը վճռորոշ դեր խաղացին Ադրբեջանի հաղթանակի մեջ:
«Առավել դժվար է հասկանալ Իսրայելի դրդապատճառը [Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում],- ասել է Նասին: - Չնայած Թուրքիան եւ Իսրայելը Մերձավոր Արեւելքում ընդհանուր շահեր ունեն, հատկապես Իրանի ուժի եւ ազդեցության թուլացման տեսակետից»:
Թուրքիայի նախագահի խորհրդական Քասինը պնդում է, որ հարաբերությունների կարգավորումից Իսրայելը մեծապես կշահի: «Թուրքիան Իսրայելից շատ զենք է գնել: Մենք կարող ենք դա նորից անել: Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը կարող է համատեղ զարգանալ»:
Իսրայելում եւ Թուրքիայում լարվածության զգալի հետեւանք է այն, որ Իսրայելը դաշինքի մեջ է մտնում տարածաշրջանային մրցակիցներ Թուրքիայի, Եգիպտոսի եւ Հունաստանի հետ: Երեք երկրները զարգացնում են համագործակցությունը, որը հիմնված է էներգետիկայի եւ պաշտպանության վրա, ինչը, ըստ դիտորդների, արձագանք է Թուրքիայի ավելի ու ավելի ամրացող դիրքին տարածաշրջանում:
Վերլուծաբանները կարծում են, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, զգույշ կլինի` իր խորացող կապերը Եգիպտոսի եւ Հունաստանի հետ չվտանգելու համար: Իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանական ավելի լուրջ խոչընդոտն Անկարայի աջակցությունն է «Մուսուլման եղբայրներ»-ին եւ «ՀԱՄԱՍ»-ին: «Իսրայելի տեսանկյունից Թուրքիան պետք է դադարեցնի Երուսաղեմի կարգավիճակի քարոզչությունը եւ հրաժարվի աջակցել նրանց, ում իրենք ահաբեկիչ են համարում,- ասել է Global Source Partners-ի վերլուծաբան Աթիլա Եսիլադան:- Թուրքիան պետք է խզի իր կապերը «ՀԱՄԱՍ»-ի եւ «Մուսուլման եղբայրների» հետ»:
Էրդողանը, ով սիրում է իրեն որպես մուսուլմանական գլոբալ իրավունքների պաշտպան ներկայացնել, մնում է Երուսաղեմի` որպես իր մայրաքաղաքի միջազգային ճանաչման ապահովմանն ուղղված Իսրայելի դիվանագիտական ջանքերին հակազդեցության ավանգարդում: Միեւնույն ժամանակ, Անկարայի աջակցությունը «Մուսուլման եղբայրներին» թուրքական դիվանագիտության կենտրոնական հիմնասյունն է տարածաշրջանում:
Անկարայի Մերձարեւելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հուսեյն Բաղչին կարծում է, որ Թուրքիան պատրաստ է զիջումների: «Անկարան կնվազեցնի իր աջակցությունը,- ասել է Բաղչին:- Թուրքիան խոստացել է այդքան բացահայտ չաջակցել «Մուսուլման եղբայրներին»: Երբ Իբրահիմ Քալինը [Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը] այցելեց Բրյուսել, նա, հավանաբար, տվեց նման խոստումներ»:
Սակայն, ի վերջո, հարաբերությունների ցանկացած բարելավման համար անհրաժեշտ կլինի հաղթահարել Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թշնամանքը: Երկու առաջնորդներն էլ պարբերաբար վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, ինչը, ըստ դիտորդների, լավ է համադրվում է նրանց ընտրազանգվածային բազայի հետ: Վերլուծաբանները նշում են, որ հաշվի առնելով, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ կունենա, դժվար թե մինչ սպասվող արդյունքները որեւէ առաջխաղացում հայտարարվի:





























