Սլովակիայի նախագահ Զուզան Չապուտովան, կառավարության անդամների մեծամասնությունն ու հանրապետության խորհրդարանի պատգամավորները կիրակի պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Շաբաթ Սլովակիան ստացել է ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների արտադրության պատվաստանյութի 9 750 դեղափաչ, եւ նույն օրը մեկնարկել պատվաստումը: Եվրամիության միջնորդությամբ երկրի իշխանությունները պատրաստվում են ձեռքբերել արեւմտայն արտադրողների պատվաստանյութի 18 մլն չափաբաժին: Բնակչության զանգվածային պատվաստումը պետք է մեկնարկի հունվարի վերջին փետրվարի սկզբին: Ակնկալվում է, որ կպատվաստվի հանրապետության շուրջ 5,5 մլն բնակչությունից 3,3 մլն քաղաքացի:
Կիրակի Սլովակիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ վերջին օրվա ընթացքում բժիշկները հայտաբերել են երկրում 874 կորոնավիրուսով վարակված, ինչը 167-ով պակաս է, քան նախորդ օրը: Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 167 523-ի: Մահացել է կորոնավիրուսով վարակված 1 773 պացիենտ, որոնցից 41-ը՝ վերջին օրվա ընթացքում:
Մարտի 6-ից, երբ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Սլովակիայի տարածքում կորոնավիրուս հայտնաբերելու մասին, բուժվել է 119 086 քաղաքացի: Ներկայում երկրում կորոնավիրուսով հոսպիտալացված է 2 317 պացիենտ, որոնցից 206-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերին:
Դեկտեմբերի 19-ին Սլովակիայում խստացրել են սոցիալական սահմանափակումները: Փակվել են խանութները, որոնք չեն վաճառում առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպես նաեւ կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկությունները: Սահմանվել է առանց անհետաձգելի անհրաժեշտության բնակելի շենքերից դուրս գալու արգելք: Քաղաքացիներին թույլատրված է միայն այցելել բժշկի, ինչպես նաեւ տնից դուրս գալ դեղորայք եւ սննդամթերք գնելու եւ աշխատանքի այցելելու համար:
Հոկտեմբերի 1-ից Սլովակիայում վերականգնվել է արտակարգ դրության ռեժիմը, որը գործել է համաճաչակի առաջին փուլի ժամանակ: Այն պետք է ավարտվի դեկտեմբերի 30-ին: Երկրում պարտադիր է դիմակներ կրելու ռեժիմը: Սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար նախատեսված է մինչեւ 20 հազար եվրոյի չափով տուգանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























