2020 թվականը հարուստ էր գիտական նվաճումներով, բայց դրանցից ոչ բոլորն էին ստանդարտ: Բացի նոր կորոնավիրուսին եւ դրա դեմ պատվաստանյութին նվիրված գիտական աշխատանքներից, գիտնականները հրապարակել են անչափ արտասովոր հետազոտություններ. օրինակ՝ սպագետին հավասար երկու մասի կոտրելու, լուսարձակող բադակտուցների կամ կատուների համար երաժշտության մասին, փոխանցում է Planet- today-ը:
Սկսենք բադակտուցներից, որոնք, պարզվում է, էլ ավելի տարօրինակ էակներ են, քան համարվում էր մինչ այժմ: Պարզվել է, որ այս կենդանիներն ունեն բիոֆլուորեսցենցիայի մեխանիզմ, ինչը նրանց թույլ է տալիս ուլտրամանուշակագույնի ազդեցությամբ արձակել կանաչավուն լույս: Այն, որ բիոֆլուորեսցենցիա կա շատ պարկավորների մոտ, հետազոտողները վաղուց գիտեին, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ նման մի ինչ-որ բանով կարող են պարծենալ բադակտուցները:
Այս տարի գիտնականները ներկայացրել են հատուկ հանգստացնող երաժշտություն՝ նախատեսված ոչ թե մարդկանց, այլ կատուների համար: Եզակի մեղեդիները հիմնված են ձայների վրա, որոնք արձակում են իրենք՝ կատուները, այս պատճառով ձեռնասունները այդպիսի երաժշտությունը լավ են ընկալում: Կատվային երաժշտությունը թույլ է տալիս նվազեցնել սթրեսի մակարդակը անասնաբույժին այցելելու ժամանակ:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները, ինչպես նաեւ Կոռնելի համալսարանից նրանց գործընկերները հրապարակել են սպագետիի ճիշտ կոտրելուն նվիրված աշխատություն: Մակարոնային երկար արտադրանքը սովորաբար կոտրվում է մի քանի իրար ոչ հավասար հատվածների, սակայն գիտնականները պարզել են, որ եթե սպագետին նախապես պտտեք (գրեթե 360 աստիճանով), ապա դրանք կոտրվում են երկու հավասար մասի: Սպագետիի կոտրելը դյուրացնելու համար գիտնականները ստեղծել են հատուկ սարք:




























