Իրանը հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) «Ալ-Կուդս» հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության թիվ մեկ մեղավորը: Այդ մասին, ինչպես հայտնում է Fars գործակալությունը, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թրամփը համար մեկ քրեական հանցագործն է, որը պատասխանատու է նահատակ Սոլեյմանիի սպանության համար,- ասել է Ռաիսին,- Բայց ոչ մի դեպքում նա չի կարող համարվել սրա համար պատժից ազատված»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չեն խուսափի այս հանցագործության հետաքննությունից եւ «նրանք պետք է պատասխան տան նահատակ Սոլեյմանիի սպանության համար»: Ռաիսին հավելել է, որ Իրանը գործի է դրել այս գործը հետաքննելու համապատասխան մեխանիզմներ եւ ունի բավարար ապացույցներ:
Երկուշաբթի օրը Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերի Կանին ասել էր, որ Իրանը հայտնաբերել եւ հետաքննություն է սկսել 48 անձանց նկատմամբ՝ գեներալ Սոլեյմանիի վրա ահաբեկչություն նախապատրաստելու եւ իրականացնելու համար:
Ղասեմ Սոլեյմանին մահացել էր 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի հետեւանքով: Դրան ի պատասխան՝ Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարձակում էր սկսել ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող իրաքյան երկու օբյեկտների՝ «Այն Ալ-Ասադ» բազայի եւ Էրբիլի օդանավակայանի վրա: Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հաստատ վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:





























