Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը: Հայտարարությունը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում:
«Խորապես մտահոգված ենք, որ հունվարի 4-ին Իրանն սկսել է մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը: Այդ գործողությունը, որը համոզիչ քաղաքացիական հիմքեր չունի եւ կապված է բավական լուրջ ռիսկերի հետ, Իրանի կողմից ԳՀՀԾ-ի մասով պարտավորությունների ակնհայտ խախտում է»,-ասվում է երեք երկրների հայտարարության մեջ:
Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը նշում են, որ Իրանի այդ քայլը լրջագույն բացասական իրադարձություն է, որը խաթարում է ԳՀՀԾ մասնակիցների՝ գործարքը պահպանելու պարտավորությունները, ինչպես նաեւ սպառնալիքի տակ դնում նոր վարչակազմի գալուն պես ԱՄՆ-ի՝ գործարքին վերադառնալու հնարավորությունը:





























