Այս փուլում մենք չպետք է երկարաժամկետ բարեփոխումներ իրականացնենք: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. Իրավական բաղադրիչը» համաժողովին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ կա 4 ինստիտուտ, որոնք փոքր-ինչ պահպանում են հայկական պետականության պատառիկները:
«Դրանք դատարաններն են, օմբուդսմենի ինստիտուտը, տեղական ինքնակառավարման որոշ մարմիններ, հատկապես` Սյունիքի մարզում, իսկ պետական հաստատության շրջանակներում որպես լուրջ հասարակական ինստիտուտ` Հայ առաքելական եկեղեցին»,- ասաց Մելիքյանը:
Նրա կարծիքով` ցանկացած միջամտություն այս հաստատությունների գործերին, նույնիսկ` բարի նպատակներով, ներկայումս անընդունելի է, քանի որ հասարակությունը կանգնած է պետությունը փրկելու խնդրի առջեւ:
Միեւնույն ժամանակ, ըստ իրավապաշտպանի, անհրաժեշտ է վերականգնել կայունությունը, որից հետո արդեն հնարավոր կլինի մտածել այս կամ այն բարեփոխումների իրականացման մասին:





























