Ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել Կապիտոլիումի բլուրն անվտանգության նկատառումներով առաջիկա 30 օրվա ընթացքում մոտ երկու մետր բարձրությամբ ժամանակավոր ցանկապատով շրջապատել: Այս մասին Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Ռայան Մաքքարթին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր առավոտյան ժամը 9-ին մենք սկսեցինք 2.1 մետր բարձրությամբ ցանկապատի տեղադրումը, որի վրա հնարավոր չէ բարձրանալ: Այն ձգվելու է [Կապիտոլիումի շուրջ] Սահմանադրության պողոտայից դեպի Անկախության պողոտա, 1-ին փողոցից մինչեւ լճի մոտի փողոց (3-րդ փողոց): Անվտանգության այս միջոցները գործելու են առնվազն առաջիկա 30 օրվա ընթացքում»,- ասել է Մաքքարթին:
Մաքքարթին հաստատել է նաեւ, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 6200 մարտիկ առնվազն մեկ ամիս տեղակայված կլինի Վաշինգտոնում: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր նրանց` ամերիկյան մայրաքաղաք տեղափոխման մասին:
ԱՄՆ ցամաքային զորքերի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական անձը նախագահական կաբինետի անդամ չէ եւ ենթարկվում է Պենտագոնի ղեկավարին:
Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի աստիճաններին հունվարի 20-ին:





























