ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Կապիտոլիումի անկարգությունները ժողովրդավարական ինստիտուտների վրա նախագահ Դոնալդ Թրամփի հարձակման «գագաթնակետ» է անվանել:
«Ես կուզեի, որ կարողանայինք ասել, թե չէինք սպասում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Բայդենը: «Նա (Թրամփը) ամենասկզբից է սկսել համընդհանուր հարձակումը մեր ժողովրդավարության ինստիտուտների վրա, եւ երեկվա իրադարձությունները այս անողոք հարձակման գագաթնակետն էին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ մարդիկ չպետք է Թրամփի՝ Կապիտոլիում ներխուժած կողմնակիցներին ցուցարարներ անվանեն,- ասել է նա: «Նրանք ցուցարարներ չէին: Չհամարձակվեք նրանց ցուցարարներ անվանել: Նրանք խռովարար ամբոխ էին: Գրոհայիններ։ Ներքին ահաբեկիչներ։ Ամեն ինչ շատ պարզ է»: Նա նշել է, որ Թրամփը մեղավոր է նոյեմբերին քվեարկած «գրեթե 160 միլիոն ամերիկացիների ձայները լռեցնելու համար ամբոխին օգտագործելու մեջ»: «Նախագահը հստակ արտահայտել է իր արհամարհանքը մեր ժողովրդավարության, մեր Սահմանադրության հանդեպ»:





























