Անհետ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են գիշերն անցկացնել Էջմիածնի զորամասի մոտ։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

«Մենք գիշերը մնալու ենք՝ մինչեւ մեր ուզածին հասնենք»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր ժամը՝ 12։00-ից անհետ կորած զինծառայողների հարազատները զորամասի մոտ նստացույց են անում։ Նրանք կրակ էին վառել եւ սպասում էին, որ զորամասից ինչ-որ մեկը կընդունի իրենց, սակայն մինչ այս պահն էլ նրանց մոտեցող չի եղել։

Տիկին Անահիտն ասաց, որ զորամասի հրամանատարներից՝ Արսեն Աբգարյանն ասել է, թե այսօր հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։

«Արսեն Աբգարյանը օրվա ընթացքում այդպես էլ չեկավ։ Ինքն ասաց, որ հանդիպել է Օնիկ Գասպարյանին, զանգի է սպասում, բայց միեւնույն է՝ մենք չենք վստահում, մինչեւ չտեսնենք՝ չենք համոզվի»,- նկատեց  Անահիտ Ադոյանը։

Հավելենք, որ հարազատները 81-րդ օրն է արդեն  որեւէ տեղեկություն չունեն իրենց զինծառայողներից։ Նրանց խոսքով՝ զինվորներն անհետ կորել են Զանգելանի տարածքում։ Նրանք պահանջում են, որպեսզի այդ տարածքում որոնողական աշխատանքներ սկսվեն, բայց որեւէ հստակ պատասխան իրենց չի ասվում։