ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի (1924-2018) քույրը` Նենսի Էլիս Բուշը, մահացել է 95 տարեկանում կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած բարդություններից: Այս մասին հայտնում է The New York Times-ը` վկայակոչելով նրա որդուն:

Վերջինիս խոսքով` Բուշ ավագի քույրը եւ Ջորջ Բուշի մորաքույրը, ով 2001-2009 թվականներին ղեկավարում էր ամերիկյան վարչակազմը, մահացել է կիրակի Մասաչուսեթսի ծերանոցներից մեկում: Պարբերականն ընդգծում է, որ դեկտեմբերի 30-ին նա հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ: Անցկացված թեստի արդյունքում նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նենսիի որդին` Էլիս Բուշը, շեշտել է, որ մահվան պատճառը կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջացած բարդություններն են: Նա պարզաբանել է, որ վերջին օրերին կնոջ վիճակը զգալիորեն վատթարացել էր:

Ջորջ Բուշ կրտսերի քույրը, ով ծնվել է 1926 թվականի փետրվարի 4-ին, ընտանիքի հինգ երեխաներից մեկն էր եւ միակ դուստրը: Երկար տարիներ նա իրեն Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գաղափարակից էր համարում, իսկ Հանրապետական ​​կուսակցությանն անդամագրվել էր միայն 1988 թվականին, երբ Բուշ ավագն առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում: Դրանից հետո նա ակտիվորեն մասնակցում էր քարոզարշավին` ի պաշտպանություն իր եղբոր, իսկ ավելի ուշ` եղբորորդու: Էլիս Բուշը չորս երեխայի մայր էր, նրա ամուսինը` Ալեքսանդր Էլիսը, մահացել էր 1989 թվականին:

Բուշը ավագը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 30-ին` 95-րդ տարեկանում: Իր նախագահության ընթացքում նա յոթ հանդիպում է անցկացրել Միխայիլ Գորբաչովի եւ Բորիս Ելցինի հետ: Դրանց արդյունք էր դարձել երկու պայմանագրերի ստորագրումը` ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ: