Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տարիներին էներգետիկ հսկա Aramco-ի ավելի շատ բաժնետոմսեր վաճառել՝ հետեւելով 2019թ. աշխարհի ամենամեծ հանրային ցուցակին։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, հայտնում է AFP-ն:
«Առաջիկա տարիներին Aramco-ի բաժնետոմսերը կառաջարկվեն, եւ այդ գումարը կփոխանցվի Պետական ներդրումային հիմնադրամին»,- Էր Ռիադի «Ապագա ներդրումների նախաձեռնություն» (FII) համաժողովում ասել է արքայազն Մուհամմեդը:
Aramco-ն Սաուդյան Արաբիայի բորսայում գրանցվել է 2019-ի դեկտեմբերին` բաժնետոմսերի աշխարհի ամենամեծ նախնական առաջարկից հետո, որը 29,4 միլիարդ դոլար է բերել 1,7 տոկոս բաժնետոմսերի դիմաց:
Վերլուծաբանները նշում են, որ լրացուցիչ բաժնետոմսերի վաճառքը դժվար թե առաջացնի ներդրողների մեծ հետաքրքրություն՝ էներգակիրների շուկայի անկման պայմաններում, քանի որ կորոնավիրուսի համավարակը խափանում է էներգիայի համաշխարհային պահանջարկը:
Անցյալ տարեվերջին Aramco-ի շահույթը երրորդ եռամսյակում ընկել է 44,6%-ով:
Aramco-ն, որին Սաուդյան Արաբիայում կթու կով են համարում, եռամսյակային շահույթի հետեւողական անկում է ցուցաբերել այն ժամանակվանից, երբ սկսել է բացահայտել շահույթը 2019-ին:
Աշխարհի հում նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան մեծապես տուժել է ցածր գների կրկնակի հարվածից եւ նավթի արդյունահանման կտրուկ անկումից:
Ակնկալվում է, որ նավթի եկամուտների անկումը կխոչընդոտի արքայազն Մուհամմեդի «Տեսլական 2030» բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որն ուղղված է տնտեսության վերակառուցմանը։





























