Մյանմարի զինված ուժերը մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն են հայտարարել երկրում, հաղորդում է« Սինհուա» գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը հեռարձակվել է բանակային հեռուստաալիքով:

Reuters-ը պարզաբանում է, որ որոշումը կայացրել են զինվորականները` խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքների պատճառով: Նրանք նաեւ հայտնել են, որ իշխանությունն անցնում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայինին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մյանմարի նախագահ Վին Մյինի եւ երկրի իշխող «Ժողովրդավարության ազգային լիգա» (ԺԱԼ) կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիի ձերբակալման մասին, ով զբաղեցնում էր Պետական ​​խորհրդականի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնը: ԺԱԼ-ում հայտարարել են, որ զինվորականները պետական հեղաշրջում կազմակերպելու գործընթացում են: Երկրի մայրաքաղաք Նեյպյիդոյում հեռախոսային եւ ինտերնետ կապերն անհասանելի են: Խոշոր քաղաքներում զինվորականներ են նկատվել:

2020-ի նոյեմբերին Մյանմարում ընտրություններ տեղի ունեցան, որոնց ընթացքում հաղթեց ԺԱԼ-ը, սակայն Միության համերաշխություն եւ զարգացում կուսակցությանը սատարող զինվորականները համաձայն չէին արդյունքների հետ: Նրանք սպառնացին «քայլեր ձեռնարկել» ենթադրյալ ընտրակեղծիքների կապակցությամբ: