Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ օտարերկրացիներն այժմ կարող են քաղաքացիություն ստանալ:

Այս քայլը ուղղության նշանակալի փոփոխություն է այն երկրի համար, որի տնտեսությունը մեծապես կախված է ներագաղթողներից, որոնց համար կացության թույլտվությունը սովորաբար կապված է աշխատանքային վիզայի հետ:

ԱՄԷ-ի անձնագիրը, որը մոբիլության առումով աշխարհում լավագույններից մեկն է համարվում, կարող են ստանալ ընտրված օտարերկրացիները եւ մասնագետները, այդ թվում` «ներդրողները, բժիշկները, մասնագետները, գյուտարարները, գիտնականները, ինտելեկտուալները, նկարիչները եւ նրանց ընտանիքները»:

«Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատել է փոփոխությունները, որոնք թույլ են տալիս ներդրողներին, մասնագետներին, հատկապես տաղանդավոր անհատներին եւ նրանց ընտանիքներին որոշակի պայմաններով ԱՄԷ քաղաքացիություն եւ անձնագիր ստանալ»,- ասված է WAM պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ: «Այս քայլը նպատակ ունի ավելի պայծառ մտքեր ներգրավել Էմիրությունների համայնքում, ինչը նպաստում է երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»:

Սակայն օտարերկրացիները չեն կարող դիմել քաղաքացիություն ստանալու համար, նրանք պետք է ներկայացված լինեն թագավորական ընտանիքի անդամների կամ ԱՄԷ-ի պաշտոնատար անձանց կողմից, իսկ վերջին խոսքը կասի երկրի նախարարների խորհուրդը: