Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչը վստահեցնում է, որ իշխանությունները վերականգնել են «Ա1+»-ի իրավունքները: Այդ մասին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է` մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախօրեին կայացած նիստում քննարկել է Հայաստանի կողմից «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ Եվրադատարանի կայացրած վճռի կատարման ընթացքը: Քննարկումների արդյունքում ԵԽ Նախարարների կոմիտեն, հիմնվելով Հայաստանի կառավարության զեկույցի վրա եկել է վերջնական եզրակացության, որ կառավարությունը լիովին կատարել է Եվրադատարանի որոշումը` «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի մասով:
Ըստ Մնացականյանի, դատարանի որոշման կատարումը բավական տեւական գործընթաց է, եւ տվյալ դեպքում մոտ 2 տարի է անցել որոշման կայացումից հետո: Մնացականյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է իրավունքի վերականգնմանը, այսինքն վերադարձին դեպի իրավիճակին կապված տենդերի հետ, այլ ոչ` արդյունքներին:
2008թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի` Հայաստանում խախտվել են «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքները, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը խոսքի ազատության մասին, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը pատշաճ կարգով չի հիմնավորել «Ա1+»-ի հեռարձակման զրկումը:
Հեռուստաալիքը զրկվել էր եթերից 2002թ. ապրիլի 2-ին` պարտվելով 37-րդ կապուղու մրցույթում: Դրանից հետո «Ա1+»-ը բազմիցս մասնակցել է մրցույթներին, բայց ապարդյուն:




























