Հայաստանի տարածքը հանդիսանում է ամբողջությամբ սեյսմավտանգ (գտնվում է 8-11 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում եւ պարբերաբար ենթարկվում է երկրաշարժերի ավերիչ ազդեցությանը): Ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ նրան հարակից տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր աստիճանի սեյսմիկ ռիսկի գոտի: Դա պայմանավորված է ինչպես բարձր սեյսմիկ վտանգով, այնպես էլ լայնածավալ կառուցապատվածությամբ եւ համապատասխանաբար խիտ բնակեցվածությամբ: Ըստ պաշտոնական տվյալների` Երեւան քաղաքը եւ նրա շրջակա տարածքները տեղաբաշխված են հանրապետության ամենաակտիվ՝ 3-րդ սեյսմիկ գոտում:
Երկրաշարժերի առավել հայտնի օջախներ են հանդիսանում Հյուսիսային Հայաստանի (Անի, Սպիտակ, Նոյեմբերյան) օջախները, Արարատյան դաշտի երկրաշարժի օջախները (ք. Արարատ, Փարաքար, Դվին), Հայաստանի հարավում` Վայոց Ձոր եւ Տաթեւ:
Առավել վտանգավոր է Գառնիի սեյսմաակտիվ գոտին` 15 կմ խորությամբ եւ 7 մագնիտուդ ուժգնությամբ: Այս էպիկենտրոնում տեղի ունեցած երկրաշարժը (10-11 բալ) հանրապետությանը կհասցնի ամենամեծ վնասները, քանի որ անմիջապես ազդեցության գոտում է գտնվում Երեւան քաղաքը: Նշենք, որ Գառնիի 1679 թ. հունիսի 4-ի կործանարար երկրաշարժը, 9-10 բալ ուժգնությամբ, ավերել է Երեւանի Նորքի, Քանաքեռի, Նորագավիթի, Նորագյուղի, Ձորագյուղի եւ այլ շատ բնակավայրեր: Ամբողջովին ավերվել է Գառնի գյուղը, որտեղ զոհվել է 7600 մարդ, իսկ Քանաքեռում զոհվել է 1228 մարդ:
Այսպիսով, քանի որ հնարավոր էպիկենտրոններից առավել մեծ վնաս կհասցվի Գառնիին երկրաշարժի դեպքում (10-11 բալ), որոշում է կայացվել մշակել «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլան»-ը: Այդ փաստաթուղթը արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացմամբ մտել է կառավարության հունիսի 10-ի նիստի օրակարգ:




























