Մոսկվայի Բուտիրսկի դատարանը տուժող կողմի միջնորդությամբ Խաչատուրյան կրտսեր քրոջ գործը դատախազություն է վերադարձրել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
«Գործը վերադարձրել են դատախազություն, վերադարձնելու միջնորդությունը ստացվել է տուժողի ներկայացուցչի կողմից, մենք չենք առարկել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հիմնավորումը, նշել է Պակուլինը, նույնն է, ինչ ավագ քույրերի դատավարության ժամանակ՝ ամբաստանյալների հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին վերագրվող հանցագործությունների մեղադրանքների քննության անհրաժեշտությունը: «Սա ձգձգում է վարույթը, բայց ինչ անել, պետք է աշխատել»,- հավելել է պաշտպանը:
Ավելի վաղ ավագ քույրերի՝ Քրիստինա եւ Անգելինա Խաչատուրյանների գործը ատենակալների ընտրության փուլում Մոսկվայի քաղաքային դատարանը ուղարկել էր Գլխավոր դատախազություն: Այն ժամանակ տուժողները հայտարարել էին, որ հանցագործության դրդապատճառը, որն այժմ մեղադրական եզրակացության մեջ նշվում է «հոր բռնի գործողություններ», պահանջում է պարզաբանում եւ ստուգում:
2020-ի վերջին Միխայիլ Խաչատուրյանի հարազատները նախաձեռնել էին քրեական գործ հարուցել մահացածի դեմ (դա հնարավոր է օրենքով), ինչը, նրանց ակնկալիքով, կօգներ հերքել դուստրերի հանդեպ ֆիզիկական եւ սեռական բռնության մեղադրանքները:
Աղմկահարույց սպանությունը կատարվել էր 2018-ի հուլիսի 27-ին՝ Մոսկվայում։ Հետաքննության համաձայն՝ երեք քույրերը Ալտուֆեւսկոե մայրուղու իրենց բնակարանում դանակահարելով սպանել էին իրենց հորը: Ձերբակալվածներին պահում էին մեկուսարանում, այնուհետեւ խափանման միջոցը մեղմացվեց մինչեւ «որոշակի գործողությունների կատարումը արգելելը», իսկ հետո քույրերին ազատեցին էլեկտրոնային թեւնոցներից:
Հետաքննությունը խոստովանել է, որ հայրը «ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ» է պատճառել աղջիկներին, բայց թողել է ամենախիստ որակավորումը՝ վերոնշյալ փաստերը համարելով միայն մեղմացուցիչ հանգամանք: Սկզբում Գլխավոր դատախազությունը չէր համաձայնել այս որոշման հետ՝ պահանջելով վերաորակել մեղադրանքը որպես ինքնապաշտպանություն, բայց երկրորդ փորձի ժամանակ, այնուամենայնիվ, հաստատել էր մեղադրական եզրակացությունը:
Կրտսեր քրոջ գործը բաժանվել է առանձին վարույթի՝ հանցանքի պահին նրան անմեղսունակ ճանաչելու պատճառով: Նրա գործը Բուտիրսկի դատարանը քննում է ունկնդիրներից եւ ԶԼՄ-ներից փակ ռեժիմով:




























