Գերմանիան հնարավոր ֆինանսավորման մասին բանակցություններ է վարում BioNTech-ի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի այլ արտադրողների հետ, որպեսզի օգնի նրանց ամրապնդել իրենց ներուժը եւ ապահովի հումքով, շաբաթ օրը Twitter-ում հայտարարել է ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանը, հաղորդում է Reuters-ը:

Երկխոսություններն անցկացվում են «պատվաստանյութերի կառավարական գագաթաժողովից» հետո, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ՝ պետական առաջնորդների եւ դեղագործական ընկերությունների ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ բնակչության շրջանում պատվաստումների առաջընթացը քննարկելու համար:

ԵՄ-ում պատվաստանյութերի տարածման հետաձգումները եւ կորոնավիրուսի նոր շտամերի հետ կապված մտահոգությունները եվրոպական կառավարությունների համար դժվարացնում են համավարակի առկա սահմանափակումների մեղմացումը:

«Պատվաստանյութերի գագաթաժողովում BioNTech-ը կարեւորեց մինչեւ 400 միլիոն եվրո հնարավոր ֆինանսավորումը հաջորդ տարի հզորությունները եւ հումքը պահեստավորելու համար: Մենք փոխգործակցում ենք ընկերության հետ` այս պահանջն էլ ավելի ամրապնդելու համար»,- ասել է Շպանը:

«Մենք նաեւ խոսում ենք պատվաստանյութերի այլ արտադրողների հետ: Մենք ցանկանում ենք 2022 թվականին բավարար կարողություն ապահովել Գերմանիայի, Եվրոպայի եւ աշխարհի համար՝ խնդրահարույց մուտացիաների կամ անհրաժեշտ ուժեղացուցիչ պատվաստումների դեպքում»,- հավելել է նա: