Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի նկատմամբ այս իշխանություններն ունեն վախ, կամ այդ անձը համագործակցում է այս իշխանությունների հետ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
«Այլ բացատրություն չկա, որ այս մարդու նկատմամբ հարուցված գործերը ՀՔԾ-ում ուղղակի դոփում են տեղում: Այդ քրեական գործերը, որոնք կարելի է բացահայտել ընդամենը րոպեների ընթացքում, միտումնավոր 2 տարից ավելի է, ՀՔԾ-ում է եւ որեւէ արձագանք այդ գործերի վերաբերյալ չկա»,-ասաց նա:
Դասախոսի խոսքով` բազմաթիվ բացահայտումներ կան, որոնց ՀՔԾ-ն որեւէ ուշադրություն չի դարձնում:
«Կրթության եւ գիտության հանձնաժողովը բացահայտել է բազմաթիվ կեղծ հաստիքացուցակների մասին, որոնց մասին ես էլ անձամբ գիտեմ, ովքեր ՇՊՀ-ի հետ բացարձակ առնչություն չունեն, բայց իրենց անունները գրանցված են եղել որպես աշխատող, նրանց կանչել են ՀՔԾ բացատրություն են վերցրել, բայց ոչ մի բան: Կեղծ կրթական լիցենզիաների մասին տեղեկությունը, որը կարող էին րոպեների ընթացքում բացահայտել, չեն բացահայտում: ՊԵԿ-ի կողմից բացահայտումները որեւէ ընթացք չեն ստացել կապված նախկին ռեկտորի բուլկու եւ կարկանդակի արտադրամասի շահագործման հետ: Մինչեւ հիմա ՀՔԾ-ն չի բացահայտում, թե որքան գումար է կոնկրետ ծախսել բուհի սպորտդահլիճը շահագործելու համար, որովհետեւ ըստ սահակ Մինասյանի տվյալների ինքը ծախսել է 68-ից մինչեւ 100 մլն դրամ, տարբերությունը շատ մեծ է: Եւ ամենակարեւորը «Նորկենտ» ծրագրով ահռելի գումարների գրպանումն է: Այս ծրագրով ՇՊՀ-ում անցկացվել են ծրագրեր, կեղծ մրցույթներ են անցկացվել»,- ասաց նա:
Համբարյանի խոսքով` այս ապօրինությունները ՀՔԾ-ն եւ Դատախազությունը կոծկում են եւ պահում. «Եթե քաղաքական նկատառումներով լիներ, օրինակ Ֆարմանյանի քրոջ հետ կապված, նույն րոպեում կկանչեին ՀՔԾ եւ ցուցմունքներ կկորզեին, իսկ Սահակ Մինասյանի հետ կապված չեն կարողանում բացահայտել: Գյումրիում նույնիսկ խոսակցություններ կան, որ գլխավոր դատախազը կաշառք է ստացել Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի միջոցով Սահակ Մինասյանից: Իհարկե, սա ասեկոսեների մակարդակով է, բայց եթե 2 տարի շարունակ գործը տեղից չի շարժվում, ուրեմն կարող ենք եզրակացնել, որ նման բան կարող է լինել»:
Համբարյանը նշեց, որ մինչ այժմ` 2 տարվա ընթացքում իրեն ՀՔԾ չեն հրավիրել, երբ ինքն է հաղորդում տվել, որեւէ առերեսում նույնպես չի եղել:
Դասախոսի կարծիքով այս քրեական գործերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է հետապնդման նպատակով, երբ որ իրեն անհրաժեշտ է, այդ ժամանակ նոր հարուցվում են գործերը:
«Ես ունեմ տեղեկություն, որ Սահակ Մինասյանին այս իշխանությունն օգտագործում է մեկ այլ Շիրակի մարզից ընդդիմադիր գործչի դեմ` գործեր հարուցելու նպատակով: Այդ գործարարը ՀԷԿ ունի եւ նույնիսկ փորձում են փակել այդ ՀԷԿ-ը` դրանով լռեցնելով այդ գործարարին»,- հավելեց նա:





























