Գերմանիայի հատուկ ծառայությունները հավանաբար օգնել են Նավալնուն «Գելենջիկում պալատի» մասին ֆիլմ նկարահանելիս : Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ դիմելով Բեռլինին բացատրության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ ֆիլմում Նավալնին մտնում է Դրեզդենում սովետական հետախուզության նախկին նստավայրի շենք եւ ինչ-որ գերմանացի գործընկերների հետ ցույցտալիս թղթապանակի նյութեր, որոնք նա ներկայացնում է որպես «Պուտինի անձնական գործ»: Հասկանալի է, որ այդ շենք մուտք գործելու եւ արխիվների հանդեպ հասանելիություն ստանալու համար պետք է համագործակցել Գերմանիայի պաշտոնական իշխանությունների, ավելի շուտ՝ հատուկ ծառայությունների հետ»,-նշել է Լավրովը:

«Մեզ կոնկրետ հարց է հուզում՝ եթե Գերմանիայում այդքան մտահոգվում են իր անձնական տվյալները պաշտպանելու Նավալնու իրավունքով, ապա ինչպե՞ս է գերմանական արխիվներից դոսյեն, որը, ինչպես պնդում են ֆիլմի հեղինակները, պատկանում է նախագահ Պուտինի, կարող էր հրապարակավ ներկայացվել առանց նրա համաձայնության: Մենք բացատրության համար դիմել ենք Գերմանիայի ԱԳՆ-ին, որտեղից մի քանի օր անց հայտնել են, որ Նավլանուն վերոնշյալ արխիվային նյութերի հանդեպ հասանելիություն տրամադրելը համաձայնեցվել է համապատասխան գերմանական գերատեսչության հետ, եւ այդ նյութերում «որեւէ գաղտնիք չի եղել»: Մեկնաբանություններ ավելորդ են»,-հավելել է նախարարը:    

Նրա խոսքով՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը բացահայտ խաղակցել է Գերմանիային՝ Նավալնու շուրջ իրավիճակում՝ ոչ թափանցիկ գործընթացներ ձեռնարկելով: «Գերմանական կողմի պնդմամբ՝ Ֆրանսիան եւ Շվեդիան հաստատել են Բունդեսվերի եզրակացությունները (նյութի ֆորմուլայի մասին, որով, իբր, թունավորվել էր Նավալնին): Բացահայտ խաղակցել է ՔԶԱԿ քարտուղարությունը, սակայն հրաժարվել է հրապարակել նյութի կոնկրետ ֆորմուլան»,-հավելել է Լավրովը: