Կորնավիրուսի համավարակն ուղեւորափոխադրումների աննախադեպ 70 տոկոս անկման է հանգեցրել 2020 թվականին Դուբայի միջազգային օդանավակայանում, հայտարարել է օդանավակայանի գլխավոր տնօրենը` չնայած նրան, որ օդանավակայանը պահպանել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանի հեղինակավոր տիտղոսը:

Չնայած նրան, որ անցած ամառ Emirates ավիաընկերության կողմից թռիչքների վերսկսումից հետո տրաֆիկի աճ էր գրանցվել, օդանավակայանի` 25.9 միլիոն ուղեւորի չափով ուղեւորափոխադրային ծանրաբեռնվածությունը 2020-ին 2019-ի համեմատ դեռ չնչին է: Ավիաընկերությունները կրճատել են թռիչքների քանակը ավելի քան 50 տոկոսով:

Մի քանի ամսվա ընթացքում Դուբայի հսկայական օդանավակայանը, որը 2019 թվականին 86.4 միլիոն ուղեւոր էր ընդունել, ուրվական քաղաքի է վերածվել: Դրա երկու հիմնական տերմինալներից մեկը փակվել է:

«Դա շատ, շատ դրամատիկ էր»,- Associated Press-ին ասել է Dubai Airports-ի գործադիր տնօրեն Փոլ Գրիֆիթսը: «Եվ, իհարկե, մենք ստիպված էինք շատ կտրուկ արձագանքել, որպեսզի պահպանենք մեր իրացվելիությունը»:

Գրիֆիթսի խոսքով` օդանավակայանում աշխատողների թիվը կրճատվել է 8000-ից 3000 մարդով, ընդ որում, ամենաշատը տուժել է տեխնիկական սպասարկման անձնակազմը:

Սակայն վերականգնումը թափ էր հավաքել դեկտեմբերին: Օդանավակայանի տվյալներով` միայն դեկտեմբերին ուղեւորափոխադրումները գերազանցել են ոլորտի սպասելիքները եւ 2.19 միլիոն մարդ կազմել: