«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բազմիցս կոչ է արել եւ շարունակում է կոչ անել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին զգոն, զուսպ լինել եւ չտրվել որեւէ սադրանքի, բախումների չգնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` մեկնաբանելով Փաշինյանի համակիրների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած հանրահավաքը Գյումրիում:

Ավելին, ըստ պատգամավորի, իրենք ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին  կոչ են անում անել ամեն ինչ` հասարակության մեջ կրքերի թեժացումը նվազեցնելու համար: «Ցավոք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ չի լսում: Լարվածության աճի եւ հնարավոր բախումների եւ դրա պատճառով անցանկալի ցնցումների վերաբերյալ բոլոր նախազգուշացումները նա որպես իր դեմ ուղղված սպառնալիք է ընկալում»,- ասաց Գորգիսյանը` հավելելով, որ եթե այդպես շարունակվի, ապա բախումները հնարավոր չէ բացառել, որոնք, իրենց հերթին, կարող են նոր տուժողների հանգեցնել: Ընդ որում, նա հույս հայտնեց, որ հայ հասարակությունը բավարար իմաստություն կունենա` առանց այդ էլ խորը ճգնաժամի խորացում թույլ չտալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Գյումրիում սակավաթիվ հանրահավաք տեղի ունեցավ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի ընթացքում մի քանի հարյուր հայ ռազմագերիների վերադարձի չլուծված խնդրի, պատերազմում սպանվածների աճյունների շարունակվող որոնումների եւ ավելի քան երկու հազար անհայտ կորածների առկայության ֆոնին հայտարարվեց «հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի» մասին:

​