«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հայտարարություններով ու դիրքորոշմամբ ոչնչով չի տարբերվում կապիտուլյանտից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով՝ Մարուքյանն, ըստ էության, խորհրդարանում Փաշինյանի հենարանն է: Նրա պարզաբանմամբ՝ եթե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտածեր, որ Ղարաբաղը օտար տարածք է, ապա այնտեղ բարեփոխումներ չէր անցկացնի եւ ներդրումներ չէր ներգրավի: «10 տարվա ընթացքում, երբ ես պատգամավոր էի, մենք երբեք Ղարաբաղ չենք այցելել պետական բյուջեի հաշվին, ինչպես անում են ներկայիս իշխանությունները: Հակառակը՝ ինքներս այնտեղ օգնություն ենք տարել, իսկ իշխող ուժի այսօրվա վարքագիծը վկայում է այն մասին, որ նրանք Ղարաբաղը որպես օտար տարածք են դիտում: 2018 թվականին մենք թողել ենք բարգավաճող Ղարաբաղ, այնտեղ ակտիվորեն բարեփոխումներ էին անցկացվում, այդ թվում՝ հետագա ժողովրդավարացման ուղղությամբ, եւ ամենագլխավորը՝ նրա անվտանգությունն ապահովված էր»,- հավելեց Աճեմյանը: