Ֆրանսիայի հնագիտական նախազգուշական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrap) աշխատակիցները հայտնաբերել են հին դամբարանային համալիր, որը հազար տարի շարունակ (ընդհատումներով) օգտագործվել է ուղիղ նշանակությամբ: Inrap-ի պաշտոնական կայքում նշված է, որ խոշոր գերեզմանատեղին հայտնաբերվել է Օլնատ քաղաքի շրջակայքի պեղումների արդյունքում, փոխանցում է Planet- today-ը:
Հնագետները հետազոտել են հողամասը, որը հատկացված էր բնակելի շենքի կառուցման համար, եւ հայտնաբերել են հին հուղարկավորությունների մնացորդներ: Եթե հաշվի առնվի այն փաստը, որ ընդամենը 300 մետրի վրա է գտնվում ժամանակակից քաղաքային գերեզմանատեղին, ապա գտածոն ընդհանուր առմամբ այնքան էլ զարմանալի չի թվում:
«Մենք պարզել ենք, որ գերեզմանատեղին այս շրջանում է գտնվում մ.թ. նվազագույնը 11-րդ դարից, բայց 1000 տարվա ընթացքում հուղարկավորությունների համար տարածքը մի փոքր այլ կողմ է տեղաշարժվել: Գերեզմանատեղիի կորած հատվածը, որտեղ մենք ավելի քան 600 գերեզմանոց ենք հայտնաբերել, ընդհատումներով օգտագործվել է XI-ից մինչեւ XVII հարյուրամյակներում»,- ասել է հայտնագործության հեղինակը:
Գիտնականներն ուսումնասիրել են թաղման համալիրը եւ պարզել, որ բոլոր գերեզմանոցները համապատասխանում են թաղման ավանդույթներին, որոնք Միջնադարում տարածված էին այս տեղանքում: Գերեզմանատեղիի առանձնահատկությունն է երեխաների թաղումների բացակայությունը: Դա բացատրվում է նրանով, որ միջին դարերում երեխաներին հուղարկավորում էին գերեզմանատեղիի առանձին հատվածում, որը դեռեւս պետք է հայտնաբերել:





























