Չեխիայի առողջապահության նախարարությունը հանրապետությունում պարտադիր հիմունքով սահմանել է երկուշաբթվանից ռեսպիրատորների կրումը հասարակական վայրերում, հայտնել է Չեխական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ քայլին են դիմել երկրում կորոնավիրուսի բրիտանական շտամի արագ տարածման պատճառով: Գերատեսչության համաձայն՝ սովորական բժշկական դիմակներն արդեն պիտանի չեն հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պայմաններում:

Ռեսպիրատորի կրումը կպարտադրվի, մասնավորապես, խանութներում եւ հանրային տրանսպորտում: Խախտելու դեպքում կարող են կիրառվել վարչական տույժեր:

Չեխիայում գործում են նաեւ այլ կոշտ սահմանափակումներ, որոնք ուղղված են սոցիալական շփումների կրճատմանը, ներառյալ՝ գիշերային ժամերին քաղաքացիների ազատ տեղաշարժը: Հունվարի 30-ից Չեխիայի տարածքում օտարերկրացիների մուտքը թույլատրվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: