Չինացի գիտնականները կանխատեսում են, որ մինչ 2100 թվականը Ռուսաստանին եւ Հյուսիսային կիսագնդի մյուս երկրներին աղետալի կլիմայական փոփոխություններ են սպասվում: Նրանց հետազոտության արդյունքները մեջբերում է Phys.org կայքը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 80 տարուց Հյուսիսային կիսագնդում ամառը կտեւի գրեթե վեց ամիս, եթե կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու միջոցներ չձեռնարկվեն: «Ամառն ավելի երկար ու ավելի շոգ է դառնում, իսկ ձմեռը՝ ավելի կարճ ու ավելի տաք՝ գլոբալ տաքացման պատճառով»,- ասում են փորձագետները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1952-2011 թվականներին ամառը միջին հաշվով 78-ից հասել է 95 օրվա, մինչդեռ ձմեռը 76-ից կրճատվել է մինչեւ 73 օր: Գարունն ու աշունը նույնպես կրճատվել են համապատասխանաբար 124-ից մինչեւ 115 օր եւ 87-ից մինչեւ 82 օր:

Եթե այս միտումը շարունակվի, ձմեռը 2100 թվականին կտեւի ընդամենը երկու ամիս: «Բազմաթիվ ուսումնասիրություններ արդեն ցույց են տվել, որ սեզոնների փոփոխությունը զգալի վտանգներ է պարունակում շրջակա միջավայրի եւ առողջության համար»,- ասում է հետազոտության հեղինակ Յուպին Գուանը:

Օրինակ՝ թռչունները փոխում են երթուղիները եւ միգրացիայի ժամանակը, իսկ բույսերը սկսում են ծաղկել իրենց համար անսովոր ժամանակահատվածում: Այս փոփոխությունները կարող են խնդիրներ ստեղծել կենդանիների համար սնունդ գտնելու հարցում, ինչը կհանգեցնի բնական համայնքներում լուրջ խախտումների:

Հոդվածում ասվում է, որ եղանակների փոփոխությունը կվնասի նաեւ գյուղատնտեսությանը: Կեղծ գարունը կամ ձյան ուշ տեղումները կարող են փչացնել բերքատվությունը:

Ավելի երկար ծաղկման շրջանը կհանգեցնի նրան, որ մարդիկ ալերգիա առաջացնող ծաղկափոշի ավելի շատ կշնչեն: Իսկ հիվանդություններ տարածող մոծակները կարող են ընդլայնել իրենց բնակավայրը դեպի հյուսիս:

Սեզոնների այս տեղաշարժը կարող է հանգեցնել ավելի կործանարար եղանակային երեւույթների, ասել է չինացի օդերեւութաբան Ցունվեն Չժուն՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները: Նա հիշեցրել է, որ շոգ ամառն աշխարհին սպառնում է անտառային հրդեհներով: