Տրակտատը, որը գրել էր իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյը (1564-1642), գողացել են Իսպանիայի Ազգային գրադարանից, կիրակի հայտնել է El Pais թերթը: Դրա տեղեկություններով՝ թագավորության գլխավոր հանրային գրադարանը չորս տարի շարունակ թաքցրել է փաստաթղթի անհետացումը, որի արժեքը կարող է հասնել 800 000 եվրոյի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը վերաբերում է 1610 թվականին հրապարակված Sidereus nuncius աստղագիտական տրակտատին: Այն գողացվել էր 2014 թվականին: Ընդ որում, ինչպես պնդում է El Pais-ը, կազմակերպությունում տեղյակ էին օրիգինալ փաստաթուղթը փոխարինելու մասին 2014 թվականի մայիսին, երբ այդ մասին պատահաբար տեղեկացել էին ռեստավրատորները:

Այդ ամբողջ ընթացքում տրակտատը գտնվել է գրադարանում՝ որպես բնօրինակ, թեպետ կեղծ աշխատությունն էր թողել կողոպտիչը: Գրադարանում պարզաբանել են, որ այդքան ժամանակ չեն հայտարարել կողոպուտի մասին, քանի որ ցանկացել են ավելի շատ տեղեկատվություն հավաքագրել դրա մասին նախքան հաղորդելը:

Բացի այդ, գրադարանի տնօրեն Անա Սանտոսը հավաստիացնում է, որ 2014 թվականին ոչ մեկը չի իրազեկել նրան տեղի ունեցածի մասին: Նա պնդում է, որ իմացել է այդ մասին 2018 թվականին բրիտանացի հետազոտողի նամակից: 2018 թվականի ազգային ոստիկանությունում հետաքննում են փաստաթղթի անհետացումը: Գլխավոր կասկածյալը Ուրուգվայի քաղաքացին է, որը հետաքրքրվել է փաստաթղթով 2004 թվականին եւ 2007-ին ներգրավված է եղել գրադարանից երկու քարտեզի գողության գործում:

Sidereus nuncius-ը լատիներեն փոքր տրակտատ է, որում Գալիլեյը նկարագրում է աստղադիտակի միջոցով արված բացահայտումները, որը կառուցել եւ կատարելագործել էր 1609 թվականին: