Բրիտանական թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 99-ամյա ամուսինը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է BBC News-ը:

Արքայազն Ֆիլիպը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 16-ին: Հոսպիտալացումից առաջ նա մի քանի օր բողոքել էր վատ ինքնազգացողությունից: Մարտի 1-ին Ֆիլիպին տեղափոխել էին Սբ Բարդուղիմեոսի հիվանդանոց` սրտի քրոնիկական հիվանդության հետ կապված հետազոտության համար: Երկու օր անց նա սրտի վիրահատության էր ենթարկվել։ Ֆիլիպն ապաքինվել է հիվանդանոցում 29 օր մնալուց հետո: Սա վերջին տարիներին նրա ամենաերկարատեւ ստացիոնար բուժումն էր: Հոսպիտալացման պատճառը վարակիչ հիվանդությունն էր, որը կապված չէր նոր կորոնավիրուսային վարակի հետ: Թե՛ Ֆիլիպը, թե՛ Եղիսաբեթ Երկրորդը պատվաստվել են COVID-19-ի դեմ:

2011թ. Ֆիլիպը ենթարկվել էր կորոնար ստենտավորման վիրահատության: 2018-ին նրա ազդրն էին վիրահատել: 2019-ին արքայազնը չորս օր հոսպիտալացվել էր քրոնիկ հիվանդության պատճառով:

Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպ Մաունթբատենը ծնվել է 1921թ․, իսկ 1947թ․ ամուսնացել է Եղիսաբեթ Երկրորդի հետ: Հունիսին նա տոնելու է իր 100-ամյա հոբելյանը: Ֆիլիպը արքայազն Չարլզի հայրն է եւ արքայազներ Հարրիի ու Ուիլյամի պապը: