ԱՄՆ առեւտրի նախարարությունը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումները՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ հետ կապված իրավիճակի պատճառով, ասվում է նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ առեւտրի նախարարությունը կընդլայնի Ռուսաստան արտահանման սահմանափակումները՝ կապված քիմիական զենքով թունավորման հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի դեմ նոր առեւտրային սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մարտի 18-ից:
Մարտի սկզբին ԵՄ-ն Ալեքսեյ Նավալնու ձերբակալումից հետո նոր գլոբալ ռեժիմի շրջանակներում պատժամիջոցներ մտցրեց Ռուսաստանի չորս քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար: ԱՄՆ-ը, հետեւելով ԵՄ-ին, հայտարարեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մասին: Ցուցակում ներառված է 14 կազմակերպություն՝ «կենսաբանական եւ քիմիական զենքի արտադրության համար» ձեւակերպմամբ: Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցները ուղղված են կոնկրետ անհատների եւ կազմակերպությունների դեմ, եւ դրանք կներառեն արտահանման ու վիզայի սահմանափակումներ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները էականորեն վնասում են առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող հարաբերություններին: Նա ասել էր, թե Կրեմլը վստահ է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը չի հասնում իր նպատակին:
Նավալնին 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ Տոմսկից ուղեւորվող ինքնաթիռում վատ էր զգացել: Հետազոտությունների արդյունքների հիման վրա Օմսկի բժիշկները, որպես հիմնական ախտորոշում, նշել էին նյութափոխանակության խանգարումը, որի հետւանքով արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացել էր։ Ըստ Օմսկի բժիշկների՝ Նավալնու արյան եւ մեզի մեջ թույն չի հայտնաբերվել:




























