Ուկրաինայի ձվի շուկայում կան գերիշխող տնտեսվարողներ, եւ նրանց վարքագծի հետ կապված՝ մշտապես եղել են խնդիրներ: Այդ մասին Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում հայտարարել է Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Ա. Կոստուսեւը, տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Նա ընդգծել է, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնից առաջ արտադրողները անհիմն կերպով կտրուկ բարձրացրել են ձվի գինը, սակայն վերջիններիս հանդեպ կիրառված տուգանքներից հետո, ինչպես նաեւ Կոմիտեի խիստ վերահսկողության շնորհիվ այս տարի հաջողվել է գները պահել կայուն: Տեղեկանալով, որ ներկայումս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում են նաեւ կարագի եւ բուսական յուղի շուկաները, Ա. Կոստուսեւը նշել է, որ այդ շուկաներում նկատված գնաճի հետ կապված իրենք եւս կատարել են ուսումնասիրություններ, որի ընթացքում պարզվել է, որ թեեւ միջազգային գներն աճել են, սակայն  տեղական արտադրողները, դրանից օգտվելով, իրենց արտադրանքի գինը ներքին շուկայում բարձրացել են որոշակիորեն անհիմն եւ ոչ համամասնորեն: Նա խոստացել է կատարված վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջությամբ տրամադրել ՀՀ ՏՄՊՊՀ-ին՝ փորձի փոխանակման նպատակով: 

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նույնպես ներկայացրել է Հայաստանի ձվի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:

Նիստին զեկույցով հանդես է եկել նաեւ ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը , որը անդրադառնալով մրցակցությանը խոչընդտող խնդիրներին, տեղեկացրել է, որ 2010-ին իրենց ծառայությունը հարուցել է 6 հազար վարույթ, ընդ որում նա հատուկ ընդգծել է, որ բավականին շատ են այնպիսի դեպքերը, երբ մրցակցության խաթարումը տեղի է ունեցել այս կամ այն պետական կառույցի մեղքով: