Հայաստանում դեռահասները հաճախ են մուրացկանությամբ զբաղվում, որպեսզի ինտերնետ-ակումբ այցելելու փող վաստակեն: Այս մասին այսօր` հունիսի 16-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով, ներկայումս ոստիկանությունում գրանցված են 20 մուրացիկ երեխաներ: «Ամեն կոնկրետ դեպքում մենք, առաջին հերթին, տեղեկացնում ենք ընտանիքին, քանի որ հաճախ երեխաները մուրացկանությամբ են զբաղվում առանց ծնողների գիտության»,- նշել է Դուրյանը, հավելելով, որ շատ հաճախ երեխաներն այդպիսով իրենց «գրպանի փող» են վաստակում` ինտերնետ-ակումբներ այցլեելու համար:

Կան դեպքեր, երբ երեխան փորձում է մուրացկանությամբ օգնել ընտանիքին: Այդ դեպքերում, որպես կանոն խոսքը գնում է անհայր ընտանիքների մասին:

Հիշեցնելով, որ մուրացկանությունը հանցագործություն չի համարվում, Դուրյանն ընդգծել է, որ երեխաները փողոցում ռիսկի խումբ են, քանի որ մուրացիկ երեխաները հաճառ դառնում են հանցագործությունների զոհեր եւ նրանց հեշտ է ներքաշել հանցագործությունների մեջ:

Անչափահասների մեջ մարմնավաճառության դեպքերին անդրադառնալով, Նելլի Դուրյանը հայտնել է, որ ներկա պահին իրենց մոտ հաշվառված է 4 աղջիկ: