«Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման Եմենի ապստամբները, ի պատասխան Սաուդյան Արաբիայի նոր խաղաղ նախաձեռնության, հայտարարել են որ դա նորություն չէ: Հուսիթների պաշտոնական ներկայացուցիչը եւ բանակցություններում նրանց պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդեսալյամը հայտարարություն են տեղադրել Twitter սոցիալական ցանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սաուդյան Արաբիայի ներկայացրած նախաձեռնությունը լուրջ չէ, դրանում ոչ մի նոր բան չկա: Սաուդյան Արաբիան արդեն վեց տարի հակամարտության կողմերից մեկն է, եւ այդ պետությունները պետք է անհապաղ դադարեցնեն Եմենի դեմ օդային եւ ծովային շրջափակումն ու ագրեսիան»,- ասել է հուսիթների ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել էր Եմենում հրադադարի հաստատման նոր խաղաղ նախաձեռնության մասին, ներառյալ ՄԱԿ-ի հովանու ներքո լիակատար հրադադարը: Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է Եմենի մայրաքաղաք Սանայում միջազգային օդանավակայանի շահագործման վերականգնում որոշ ուղղություններով, Հոդեյդա նավահանգստի շրջափակման մասնակի վերացում եւ նավահանգստից եկամուտների տեղափոխում Կենտրոնական բանկում հյուսիսային եւ հարավային իշխանությունների ընդհանուր հաշվին: