Խորհրդարանի «Օրինաց Երկիր» պատգամավորական խմբակցության մի խումբ պատգամավորներ (Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Մարզպետունի Մանուկյան, Իշխան Խաչատրյան եւ Խաչիկ Հարությունյան) օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ են դրել «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» օրենքի նախագիծ : Այն ըստ էության ուղղված է սուպերմարկետների դեմ:
«Խոշոր առեւտրային օբյեկտների թվի ընդլայնումն իր բացասական ազդեցությունը կարող է թողնել միջին եւ փոքր առեւտրային օբյեկտների հետագա գործունեության վրա»,-գրել են նախագծի հեղինակները: Առաջարկվում է խոշոր առեւտրային օբյեկտները տեղակայել առեւտրային ցանցերով ցածր ապահովվածություն ունեցող տարածքներում:
Բացի այդ, ըստ «Օրինաց երկիր» խմբակցության, խոշոր առեւտրային օբյեկտների չափաբաժինը Երեւան քաղաքի առեւտրային ցանցերի համակարգում չի կարող գերազանցել 30-40 տոկոսը, իսկ դրանց մակերեսների առնվազն 10-20 տոկոսը պետք է վարձակալության հանձնել առեւտրային փոքր օբյեկտներին:
ՀՀ կառավարություն, ընդհանուր առմամբ, բացասական եզրակացություն է պատրաստել սույն նախագծի վերաբերյալ, թեեւ Երեւանի քաղաքապետարանում կարծես թե չեն առարկում: Քաղաքապետարանի եզրակացության մեջ նշված է, որ սուպերմարկետներն, իսկապես, չափորոշիչների կարիք ունեն, սակայն այդ հարցը պետք է կարգավորել «Առեւտրի եւ ծառայություների մասին» օրենքով:
Իսկ կառավարության պաշտոնական եզրակացությունը, որը կհաստատվի հունիսի 17-ի կառավարության նիստում, ելել է այն դրույթից, որ խոշոր առեւտրային օբյեկտների դասակարգման համար միայն առեւտրային մակերեսը որպես դասակարգման չափանիշ սահմանելը բավարար պայման չէ: Կառավարությունն առաջարկում է նախագծի հեղինակներին` ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ համագործակցել էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված աշխատանքայիյն խմբի հետ, որը մշակում է խոշոր առեւտրային օբյեկտների դասակարգման եւ տեղակայման չափորոշիչներ:




























