Այսօրվա դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը ծովի մակարդակից 1900 մետր 60 սմ է, ինչը 15 սմ-ով բարձր է անցած տարվա նույն օրվա համեմատությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը:
Նրա խոսքով՝ ապրիլ-հունիսին կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում մինչեւ 42 սմ:
«Տարեկան կտրվածքով կանխատեսվում է Սեւանա լճի ջրի մակարդակի 6-11 սմ բարձրացում»,-հավելեց նա:
Նա ընդգծեց, որ ձյան շերտի բարձրությունն այնտեղ, որտեղ այն առկա է, 4-5 անգամ շատ է, քան անցած տարի:
Անդրադառնալով կենտրոնի աշխատանքին՝ Ազիզյանը պատմեց, որ 2020 թվականին ՊՈԱԿ-ի ձեւավորումից հետո աշխատատեղերի կրճատում չի եղել, իսկ որոշ դեպքերում աշխատավարձերը բարձրացել են 40-50 տոկոսով:
«2020-ին ձեռք է բերվել 23 ավտոմատ հիդրոօդերեւութաբանական կայան: 5 շրջանում գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված է»,-եզրափակեց նա:





























